Ֆրանսիայում սոցիալական ծախսերի կրճատման կառավարության ծրագրերի դեմ բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 500 000 մարդ, հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը:
Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ մայրաքաղաքում բողոքի երթին մասնակցել է 55 000 ցուցարար: Ձերբակալվել է 180 անձ։
Ֆրանսիական առաջատար արհմիութենական կազմակերպության՝ Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի (CGT) տվյալներով՝ ամբողջ երկրում փողոցներ է դուրս եկել ավելի քան 1 մլն մարդ:
Փարիզում և այլ քաղաքներում, այդ թվում՝ Նանտում, Ռենում, Լիոնում և Մարսելում, ցույցերը վերածվել են անկարգությունների. արմատական ցուցարարները ջարդել են խանութներ և բանկերի մասնաճյուղեր: Ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարներին և օգտագործել արցունքաբեր գազ:
Կարգուկանոն պահպանելու համար Ներքին գործերի նախարարությունը տեղակայել է ավելի քան 80 000 ոստիկան և ժանդարմերիա, ինչպես նաև զրահապատ մեքենաներ և անօդաչու թռչող սարքեր:
Ցուցարարները բողոքում են ընդդեմ բյուջետային խիստ խնայողության նոր միջոցների, «դաժան» բյուջետային ծրագրերի։



























