Ֆրանսիայում սեպտեմբերի 18-ին բողոքի ցույցեր և անկարգություններ են սկսվել, հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ բյուջետային խիստ խնայողության նոր միջոցների, «դաժան» բյուջետային ծրագրերի, գրում է Reuters-ը։
Euronews-ը հավելել է, որ ցուցարարները պահանջում են վերանայել նախորդ կառավարության բյուջետային ծրագրերը, ավելացնել պետական ծառայությունների ծախսերը, բարձրացնել հարուստների հարկերը և չեղարկել ոչ պոպուլյար փոփոխությունները, որոնք մարդկանց ստիպում են ավելի երկար աշխատել կենսաթոշակ ստանալու համար:
Արհմիությունները երկրի նախագահ Էմանուել Մակրոնին և վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուին հորդորում են ընդունել իրենց զայրույթը և հրաժարվել բյուջեի վերահաս կրճատումներից:
Նշվում է, որ խոշոր արհմիությունները կոչ են արել ակտիվ գործողություններ ձեռնարկել, որոնք լուրջ ազդեցություն կունենան տրանսպորտի և դպրոցների վրա: Նրանք քաղաքացիներին կոչ են արել դուրս գալ փողոցներ ամբողջ երկրում։ Բողոքի ակցիաների մասնակիցների թվում են ուսուցիչներ, գնացքների մեքենավարներ, դեղագործներ և հիվանդանոցների աշխատակիցներ։ Վերջիններս գործադուլ էին հայտարարել, իսկ դեռահասներն արգելափակել են տասնյակ միջնակարգ դպրոցներ:
Էյֆելյան աշտարակը, որը Փարիզի գլխավոր տեսարժան վայրն է, համազգային գործադուլի պատճառով սեպտեմբերի 19-ին այցելուների համար փակվել է:
2026 թվականի բյուջեի օրինագծում առաջարկվող խնայողության միջոցառումների դեմ ցույցեր էին տեղի ունեցել նաև նախորդ շաբաթ։
Հուլիսին Ֆրանսիայի այն ժամանակվա վարչապետ Ֆրանսուա Բայրուն ներկայացրել էր 2026-ի բյուջեի նախագիծը, ըստ որի՝ իշխանությունները մտադիր են մի շարք բյուջետային կետերի վրա խնայել շուրջ 43,8 մլրդ եվրո՝ նախկինում նախատեսված 40 մլրդի փոխարեն։ Կառավարության կողմից հայտարարված միջոցառումները մեծ վրդովմունք են առաջացրել ֆրանսիացիների շրջանում։

























