Թուրքիան ամենահավանական վայրն է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար առաջնորդների մակարդակով գագաթնաժողով անցկացնելու համար, նրա առավելություններն են աշխարհագրական համատեքստը և կողմերի միջև վստահության մակարդակը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպմանը, թող գա Մոսկվա։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան թվարկել էր այն երկրների ցանկը, որտեղ Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, ըստ նրա՝ դրանք են Ավստրիան, Վատիկանը, Թուրքիան, Շվեյցարիան և Պարսից ծոցի երեք պետություն։
«Առաջարկվող տարբերակների շարքում Թուրքիան միակ թեկնածուն է, որի դիվանագիտական հավասարակշռությունը, աշխարհագրական համատեքստը և վստահության մակարդակը թույլ են տալիս նրան դառնալ հարթակ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ սկսելու համար»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։
Նա նշել է, որ Թուրքիան արդեն իսկ հանդես է եկել որպես արդյունավետ միջնորդ՝ դեռ 2022 թվականի մարտին վարելով բանակցություններ, իսկ այնուհետև հաջողությամբ նախաձեռնելով Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը նպաստում էր ուկրաինական հացահատիկի մատակարարումներին շրջափակման պայմաններում։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլում լուծել են հումանիտար հարցեր։
«Եթե նման գագաթնաժողով պետք է անցկացվի, ապա միայն Թուրքիայում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման նախապատրաստման մասին, որից հետո կարող է տեղի ունենալ նրա մասնակցությամբ եռակողմ հանդիպում:
Ռուսաստանի առաջնորդի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Թրամփն աջակցություն էին հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակմանը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը չի բացառում Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, եթե այն լավ կազմակերպված լինի։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև հանդիպում առայժմ նախատեսված չէ։ Նա նշել էր, որ Ռուսաստանի առաջնորդը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, երբ հանդիպման օրակարգը պատրաստ լինի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







