ԱՄՆ-ն անիրատեսական պահանջներ է ներկայացնում, որոնք խոչընդոտում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հեռանկարներին, հայտարարել է Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
«Մենք իսկապես ցանկանում ենք ռացիոնալ բանակցություններ: Անիրատեսական հարցեր բարձրացնելով, ինչպիսիք են հրթիռային ծրագրի սահմանափակումները, նրանք հող են պատրաստում ցանկացած բանակցության ձախողման համար»,- մեջբերում է նրա խոսքերը Reuters-ը:
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել էին Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Իրանը և «Եվրաեռյակը» նախկինում մի քանի փուլով միջուկային հարցով բանակցություններ էին վարել:
Եվրոպական երկրները պահանջել էին, որ Թեհրանը վերսկսի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ հարստացված ուրանի մեծ պաշարների հաշվառումը, ինչպես նաև Իրանի մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններին։ Թեհրանը հայտարարել էր, որ «Եվրաեռյակի» միջուկային առաջարկը «լի է անիրատեսական նախապայմաններով»:






































