Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իրան և պատրաստվում է վերսկսել աշխատանքն Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներում, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պատրաստվում ենք վերսկսել մեր աշխատանքն այնտեղ: Իրանում կան բազմաթիվ օբյեկտներ, որոշները ենթարկվել են հարձակման, որոշները՝ ոչ: Քննարկում ենք, թե ի՞նչ գործնական մեխանիզմներ պետք է ներդնել մեր աշխատանքի վերսկսումը հեշտացնելու համար»,- ասել է նա։
Օգոստոսի 26-ին Ժնևում տեղի էր ունեցել Իրանի և «Եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև միջուկային հարցի շուրջ բանակցությունների 2-րդ փուլը։ Հանդիպման ժամանակ քննարկվել էր «Եվրաեռյակի» պահանջը, որի համաձայն Իրանը պետք է վերականգնի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև վերսկսի դիվանագիտական բանակցությունները՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հասնելու համար: Հակառակ դեպքում՝ Թեհրանին սպառնում է 2015 թվականի համաձայնագրով չեղարկված պատժամիջոցների վերականգնում:
Միացյալ Նահանգները և «Եվրաեռյակի» երկրները նախկինում համաձայնության էին եկել օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ: Եթե բանակցությունները ձախողվեն, «Եվրաեռյակը» նախատեսում է գործարկել վերականգնման մեխանիզմ, որը կերկարաձգի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները: Թեհրանն սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե պատժամիջոցները երկարաձգվեն:





































