Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան նամակ են ուղարկել ՄԱԿ-ին՝ նշելով, որ պատրաստ են վերականգնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Իսլամական Հանրապետությունը չվերսկսի բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է Reuters-ը:
Երեք երկրների արտաքին գործերի նախարարների նամակի համաձայն՝ «Եվրաեռյակի» երկրները «հստակեցրել են», որ եթե Թեհրանը չցանկանա դիվանագիտական լուծման հասնել մինչև 2025 թվականի օգոստոսի վերջը կամ չօգտվի այս ժամկետը երկարաձգելու հնարավորությունից, երեք երկրները պատրաստ են գործարկել մեխանիզմ՝ վերականգնելու Իրանի նկատմամբ 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված պատժամիջոցները:
Իրանի խորհրդարանի պատգամավոր և նախկին արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին նշել է, որ Իրանի խորհրդարանը «մատը ձգանի վրա է պահում»՝ դուրս գալու Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT), եթե վերականգնվեն միջազգային պատժամիջոցները:
Մոթաքին նաև հայտարարել է, որ խորհրդարանը 24 ժամվա ընթացքում կհաստատի 2015 թվականի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին օրինագիծը, եթե «Եվրաեռյակը» կիրառի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը:
2025 թվականի գարնանը Վաշինգտոնը և Թեհրանը միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների հինգ փուլ էին անցկացրել։ Վեցերորդ փուլը չեղարկվել էր հունիսի 13-ին՝ Իրանի դեմ Իսրայելի գործողությունների սկսվելուց հետո։ Հուլիսի սկզբին Իրանը դադարեցրել էր համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։
ԶԼՄ-ները հուլիսին հայտնել էին, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել մինչև օգոստոսի վերջ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության չհասնելու դեպքում:





































