ԿԺԴՀ իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ-Հարավային Կորեա «Ուլչի ազատության վահան» (Ulchi Freedom Shield) զորավարժություններն սպառնում են Կորեական թերակղզու կայունությանը, հայտնել է ՏԱՍՍ-ը:
Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը զորավարժություններն անվանել է «չափազանց սադրիչ և ագրեսիվ»։
«ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության անխոհեմ զորավարժությունները լրջորեն սպառնում են մեր երկրի անվտանգությանը և հանգեցնում են լարվածության աճի»,- հավելել է նա:
Փհենյանում ընդգծել են, որ զորավարժություններին միացել են նաև այլ երկրներ, այդ թվում՝ բրիտանական նավատորմը:
«Արդյունքում՝ «Ուլչի ազատության վահան» զորավարժությունները դարձել են բազմակողմանի, և մեր երկրի համար ռազմական սպառնալիքը մեծացել է»,- ասել է գլխավոր շտաբի ներկայացուցիչը:
ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ կբարձրացնի բանակի մարտական պատրաստվածությունը և իրեն վերապահում է ինքնապաշտպանության իրավունք: ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում:
Օգոստոսի 18-ին Հարավային Կորեան և Միացյալ Նահանգներն սկսել էին ամենամյա «Ուլչի ազատության վահան» զորավարժությունները: Այս տարի մասնակցում է մոտ 21 000 զինվոր, հիմնականում՝ հարավկորեացիներ:





































