Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Գազա՝ քաղաքը գրավելու ծրագրերը հաստատելու համար, հայտնում է Times of Israel-ը։
Վարչապետի կողմից պաղեստինյան անկլավում ձայնագրված տեսաուղերձը տարածվել է նրա գրասենյակի կողմից:
«Ես ժամանել եմ Գազա՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության բանակի՝ քաղաքը գրավելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու ծրագրերը: Միևնույն ժամանակ, հրամայել եմ անհապաղ սկսել բանակցություններ բոլոր պատանդների ազատ արձակման և պատերազմի ավարտի վերաբերյալ՝ Իսրայելի համար ընդունելի պայմաններով»,- ասել է Նեթանյահուն:
Վարչապետի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի ջախջախումը և բոլոր պատանդների ազատ արձակումն իրար հետ փոխկապակցված են։
Իսրայելի պաշտպանության նախարարն օգոստոսի 20-ին հաստատել էր Գազայի գրոհի համար մեծաթիվ պահեստազորայիններ հավաքագրելու բանակի ծրագիրը: Ըստ ԶԼՄ-ների՝ իսրայելական ստորաբաժանումները դիրքավորվել են քաղաքի արվարձաններում և գործում են Զեյթունի ու Ջաբալիայի շրջաններում։ Գործողությանը տրվել է «Գեդեոնի կառքեր II» անվանումը։





































