Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին առաջարկել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նա կողմ է Ուկրաինայի դաշնակիցներին պարտավորեցնել, որպեսզի համաձայնության գան Կիևին ռազմական աջակցության վերաբերյալ 24 ժամվա ընթացքում, եթե Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը վերսկսվի։
Գործակալությունն այս ձևաչափն անվանում է NATO-light։ Աղբյուրների տվյալներով՝ աջակցության տարբերակները կներառեն Կիևին արագ և շարունակական պաշտպանական և տնտեսական օգնություն տրամադրելը, ուկրաինական բանակի ամրապնդումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը։
Ըստ Bloomberg-ի՝ պարզ չէ, թե արդյոք ծրագիրը կներառի՞ Ուկրաինա զորք ուղարկելը։ Սա բազմաթիվ տարբերակներից մեկն է, որի վրա աշխատում է Եվրամիությունը, հաղորդում է գործակալությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ էին վարել օգոստոսի 16-ի գիշերը։ Հանդիպումից հետո կողմերը, մասնավորապես, հայտարարել էին, որ համաձայնության են եկել Ուկրաինայի վերաբերյալ որոշ կետերի շուրջ, բայց մի շարք հարցերի առումով դեռևս համաձայնություն չկա։ Պուտինը շեշտել էր, որ առճակատման ժամանակն անցել է և Թրամփին հրավիրել էր Մոսկվա։ Ըստ ԶԼՄ-ների՝ Պուտինի առաջարկներից մեկը վերաբերել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության արգելքին։
Օգոստոսի 19-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող ներառել ՆԱՏՕ-ի կողմից պաշտպանությունը։





































