Մոսկվան զիջումների է գնացել ուկրաինական հինգ շրջանների հարցում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, գրում է RBC-ն։
Նա ասել է, որ Վաշինգտոնը մտադիր է քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակման հարցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին կայանալիք հանդիպման ժամանակ։
«Ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր հարցը տարածքների փոխանակման հարցն է։ Մենք մտադիր ենք քննարկել սա երկուշաբթի։ Հուսով ենք, որ մենք որոշակի պարզության կհասնենք այս հարցում, և որ սա շատ շուտով կավարտվի խաղաղության համաձայնագրով», - ասել է նա։
Ուիթքոֆը հավելել է, որ տարածքների փոխանակման հարցը չի բարձրացվել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայի Անքորիջ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ։ «Այն չէր կարող քննարկվել Պուտինի հետ հանդիպման ժամանակ», ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալյասկայում կայացած գագաթնաժողովում Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի պատերազմի հնարավոր լուծման տարբերակներ։
ՌԴ և ԱՄՆ նախագահները բանակցություններ էին վարել օգոստոսի 16-ի գիշերը։ Հանդիպումից հետո կողմերը, մասնավորապես, հայտարարել էին, որ համաձայնության են եկել Ուկրաինայի վերաբերյալ որոշ կետերի շուրջ, բայց մի շարք հարցերի առումով դեռևս համաձայնություն չկա։ Պուտինը շեշտել էր, որ առճակատման ժամանակն անցել է և Թրամփին հրավիրել է Մոսկվա։
Ըստ ԶԼՄ-ների՝ Պուտինն առաջարկել էր սառեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի ճակատի մեծ մասում, եթե Կիևը դուրս բերի զորքերը Դոնեցկի մարզից։






































