Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է սառեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի ճակատի մեծ մասում, եթե Կիևը դուրս բերի զորքերը Դոնեցկի մարզից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Աղբյուրի համաձայն` Զելենսկին մերժել է այս պահանջը։ Թրամփը նաև նշել է, որ համաձայն է Պուտինի այն դիրքորոշման հետ, որ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի առանց նախնական հրադադարի։
Ավելի վաղ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները՝ ԱՄՆ աջակցությամբ, պնդել են հրադադարի վրա՝ նախքան համաձայնագրի կնքումը։ Նշվում է, որ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախատեսված է Զելենսկու հանդիպումը Թրամփի հետ։
Ալյասկայում գագաթնաժողովից հետո Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հասկացրել է, որ ինքը և Պուտինը քննարկել են տարածքների փոխանակումը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և «հիմնականում համաձայնության են եկել»։ «Կարծում եմ՝ մենք բավականին մոտ ենք համաձայնության գալուն։ Ուկրաինան պետք է համաձայնի դրան», - ասել էր Թրամփը։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նույնպես նշել էր, որ գագաթնաժողովի ամենահետաքրքիր իրադարձությունները վերաբերում էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցին։ «Առաջարկության մեկնարկային կետը կոլեկտիվ անվտանգության դրույթի սահմանումն է, որը թույլ կտա Ուկրաինային օգտվել իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների աջակցությունից, որոնք պատրաստ են գործողություններ ձեռնարկել իր վրա կրկնակի հարձակման դեպքում», - մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։
Պուտինը և Թրամփը բանակցություններ էին վարել օգոստոսի 16-ի գիշերը։ Հանդիպումից հետո կողմերը, մասնավորապես, հայտարարել էին, որ համաձայնության են եկել Ուկրաինայի վերաբերյալ որոշ կետերի շուրջ, բայց մի շարք հարցերի առումով դեռևս համաձայնություն չկա։ Պուտինը շեշտել էր, որ առճակատման ժամանակն անցել է և Թրամփին հրավիրել է Մոսկվա։






































