ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Էրլ «Բադի» Քարթերը դիմել է Նոբելյան կոմիտեին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու պաշտոնական խնդրանքով՝ իրանա-իսրայելական հակամարտությունը կարգավորելու ջանքերի համար, հայտնում է Fox հեռուստաալիքը:
«Որպես ԱՄՆ Կոնգրեսի անդամ՝ գրում եմ, որպեսզի ԱՄՆ 47-րդ նախագահ Թրամփին պաշտոնապես առաջադրեմ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ի նշան Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության դադարեցման և ահաբեկչության հովանավոր աշխարհի խոշորագույն պետության կողմից մոլորակի ամենամահաբեր զենքի ստացման կանխման միջնորդության գործում նրա ակնառու և պատմական դերի ճանաչման»,- նամակի տեքստը հրապարակել է հեռուստաալիքը:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։
ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ։