ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կարգադրությամբ՝ լրագրողներին այսուհետ արգելվում է Պենտագոնի տարածքների մեծ մասում գտնվել առանց հատուկ ուղեկցության, հայտնում է Reuters-ը:
«Չնայած նախարարությունը հավատարիմ է մնում թափանցիկության սկզբունքին, բայց պարտավոր է պաշտպանել գաղտնի հետախուզական տեղեկատվությունը և զգայուն տվյալները, որոնց չարտոնված բացահայտումը կարող է վտանգել ամերիկացի զինծառայողների կյանքը»,- հայտարարել է Հեգսեթը:
Պենտագոնի մամուլի ասոցիացիան՝ կազմակերպությունը, որը ներկայացնում է գերատեսչության գործունեությունը լուսաբանող լրագրողների շահերը, ընդգծել է, որ նոր կանոններն «ուղղակի հարձակում են մամուլի ազատության վրա»:
Հեգսեթի կարգադրությամբ շարունակվում է Պենտագոնի նոր ղեկավարի պայքարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ, որոնց նա մեղադրում էր դավադրության և իր դեմ արշավ անցկացնելու մեջ: Դա պայմանավորված էր Signal մեսենջերի չաթերից մի շարք արտահոսքերով. Վաշինգտոնում սկանդալ էր ծագել, երբ պարզվել էր, որ Signal-ի խմբում, որտեղ ռազմական պաշտոնյաները քննարկում էին զգայուն և գաղտնի տեղեկատվություն, մասնավորապես՝ Եմենում «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հուսիթներին հարվածները, սխալմամբ ավելացրել էին Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին:
Այս ֆոնին Պենտագոնում լայնածավալ ազատումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ բարձրաստիճան աշխատակիցների, որոնք գերատեսչության ղեկավարին մեղադրել են «քաոսի մթնոլորտ» և «լիակատար անորոշություն» ստեղծելու մեջ: