Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Երկխոսությունը տեղի է ունենում անուղղակի խորհրդակցությունների ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ։ Բանակցություններին մասնակցում են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։
Ըստ գործակալության՝ բանակցությունների այս փուլը, ինչպես նախորդ երկուսը, նախատեսված է մեկ օրվա համար, սակայն անհրաժեշտության դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել։
Ապրիլի 12-ին ևս երկու երկրների ներկայացուցիչներն Օմանում անուղղակի բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանը Վաշինգտոնին հայտնել էր, որ պատրաստ է սահմանափակել ուրանի հարստացումը, եթե իրեն տրվեն հուսալի երաշխիքներ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չի հրաժարվի գործարքից։ Վաշինգտոնը 2018-ին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում, միակողմանինորեն դուրս էր եկել միջուկային համաձայնագրից և սահմանափակումներ մտցրել Թեհրանի նկատմամբ:
Ապրիլի 19-ին Հռոմում կայացել էր Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ 4 ժամ տևած բանակցությունների ընթացքում պատվիրակությունները ավելի մեծ փոխըմբռնման էին հասել մի շարք հարցերի շուրջ։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու Արաղչին հայտնել էր, որ Վաշինգտոնը դեռևս չի փորձել հատել Թեհրանի «կարմիր գծերը» և չի ձգտել բանակցային օրակարգում ներառել միջուկային ծրագրից դուրս հարցեր։