Իրանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ առաջարկող հաղորդագրություն չի ստացել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բագաին։
«Ոչ, մենք չենք ստացել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին։
ԱՄՆ նախագահը փետրվարի 4-ին հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերսկսելու մասին, այդ թվում՝ իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ՝ նա հայտնել էր բանակցությունների և Թեհրանի հետ «հիանալի գործարք» կնքելու պատրաստակամության մասին։
Փետրվարի 7-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության և բացառել էր բանակցությունները։ Փետրվարի 9-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, քան հարվածել երկրին:
Մարտի 7-ին Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Խամենեիին՝ առաջարկելով քննարկել միջուկային ծրագիրը։ Թրամփը, գործարք չկնքելու դեպքում, Իրանին սպառնացել էր «հետևանքներով»։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի «ահաբեկման» ներքո: