ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ «առավելագույն ճնշման» արշավը վերսկսելու մասին, հայտնում է Reuters-ը։
Հրամանագիրն ուղղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարին «առավելագույն տնտեսական ճնշում» կիրառել Իրանի վրա՝ այդ թվում պատժամիջոցները և դրանց կիրառման մեխանիզմները նրանց նկատմամբ, ովքեր խախտում են գործող պատժամիջոցները:
Թրամփը փաստաթուղթն անվանել է «շատ կոշտ» և ասել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նախագահը հույս է հայտնել, որ Թեհրանի հետ հնարավոր կլինի գործարք կնքել։
Փաստաթուղթը նաև հանձնարարում է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը և պետքարտուղարությանն իրականացնել արշավ՝ «իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու համար»:
Գործակալությունը նշում է, որ 2023 թվականին իրանական նավթի արտահանումը կազմել է 53 միլիարդ դոլար, իսկ 2024 թվականին արդյունահանումը հասել է ամենաբարձր մակարդակին՝ 2018 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ը Թրամփի առաջին նախագահության օրոք վերահաստատեց Իրանի միջուկային համաձայնագրով չեղարկված պատժամիջոցները։
Հունվարին Bloomberg-ը հայտնել էր, որ Թրամփի թիմը պլանավորում է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները, մասնավորապես՝ նախատեսում է «փետրվարին պատժամիջոցների մեծ փուլ մտցնել, որը կհարվածի նավթային արդյունաբերության խոշոր խաղացողներին»: