Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ անցումային կառավարության արտաքին ուժերին և հակառակորդներին թույլ չեն տա երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ, գրում է РБК-ն։
Իր ուղերձում ալ-Շարաան ընդգծել է, որ զանգվածային բախումների բոլոր մեղավորները կպատժվեն։ Սիրիայի ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում նա ապստամբության մեջ մեղադրել է Ասադի կողմնակիցներին և «օտար տերություններին»: Սիրիայի նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ որ պետությունների մասին է խոսքը։
«Այս ծայրահեղ պահին մենք կանգնած ենք նոր վտանգի առաջ․ նախկին ռեժիմի մնացորդները և նրանց արտաքին աջակիցները փորձում են հրահրել նոր թշնամանք, և ներքաշել մեր երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ՝ նրա միասնությունն ու կայունությունը փլուզելու նպատակով»,- ասել է նա:
Ալ-Շարաան նշել է, որ կառավարության գրասենյակն այժմ անկախ կոմիտե է ձևավորում, որը կզբաղվի բախումներ հրահրողների բացահայտմամբ և կհետաքննի սպանությունների և հրապարակային մահապատիժների հանգամանքները։
«Պատասխանատվության կենթարկենք յուրաքանչյուրին, ով կզբաղվի քաղաքացիական արյունահեղությամբ, չարաշահի քաղաքացիական անձանց, չարաշահի նրանց իշխանությունը կամ օգտագործի իր իշխանությունն անձնական շահի համար: Ոչ ոք օրենքից վեր չի լինելու»,- հավելել է նա։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում գրավել էին երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, այս խմբերը ձևավորել էին նոր կառավարություն:
Հունվարի 13-ին «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական համայնքի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ հարգալից է։