Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հարցազրույց է տվել «Օրեր» եվրոպական ամսագրին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նա տեղեկություններ է հաղորդել ՈՒկրաինայում վարակվածություն ունեցող հայերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է հայրենադարձվելու խնդիր ունեցողներին։
Սեյրանյանը նշել է, որ ըստ Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) տվյալների՝ Խերսոնի մարզում կորոնավիրուսով վարակված է չորս հոգուց բաղկացած հայ մեկ ընտանիք, ովքեր հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ: Վերջիններիս վիճակը բարվոք է։
«Հայաստանի քաղաքացիների շրջանում վարակակիրների մասին մենք տեղեկություններ չունենք, բայց պետք է նշեմ, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը պաշտոնապես դիմել է երկրի գլխավոր համաճարակաբանին՝ ՀՀ քաղաքացիների վարակման դեպքում մեր դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկություններ հաղորդելու խնդրանքով»,-նշել է նա։
Դեսպանը հայտնել է, որ Դեսպանության հետ կապ է հաստատել և հյուպատոսական հաշվառման կանգնել 125 ՀՀ քաղաքացի, ներառյալ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում. «Ուկրաինայում տարբեր երկրների հետ օդային և ցամաքային հաղորդակցության սահմանափակումներն ուժի մեջ մտան մարտի 17-ից, ինչի հետևանքով թե՛ տեսականորեն, և թե՛ գործնականորեն հնարավոր չէ անմիջապես կազմակերպել Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք: Նման խնդիրները կապված են նաև տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի հետ: Այնուամենայնիվ, մեր կողմից շարունակական ջանքեր են գործադրվում՝ մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք կազմակերպելու ուղղությամբ»:
Նա հայտնել է նաև, որ այսօր 100-ից ավելի հայաստանցիներ և Հայաստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրյա անդամներ ցանկություն ունեն Հայաստան մեկնելու։ «Ըստ ուկրաինացի մեր գործընկերների մեզ տրամադրված տեղեկատվության՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունում նույնպես կան ցուցակագրված անձինք, ովքեր ցանկանում են վերադառնալ Ուկրաինա: ՈւՀՄ ակտիվ ներգրավմամբ աշխատում ենք ևս մեկ չարտերային թռիչք կազմակերպելու ուղղությամբ և ներկայումս գտնվում են առկա լոգիստիկ և տեխնիկական խնդիրների լուծման, համապատասխան թույլտվությունների ձեռքբերման փուլում։ Այս առումով ամենօրյա ռեժիմով բոլոր քայլերը համակարգում ենք պարետատան հետ՝ ՀՀ ԱԳՆ միջոցով»,-նշել է դեսպանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







