ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև իր այցը Երևան։
Պուտինն ընդգծել է, որ կապի մեջ է Հայաստանի վարչապետի հետ։ «Այո, մենք կապի մեջ ենք նրա հետ։ Եվ կա հրավեր, և կա հրավեր նրան դեպի Ռուսաստան։ Տեսնենք։ Մենք բոլորս չափահաս ենք, հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ սա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է։ Նա, հավանաբար, հիմա ժամանակ չունի ճանապարհորդելու համար: Բայց մենք մնում ենք կապի մեջ, աշխատում ենք նրա հետ, անընդհատ կապի մեջ ենք»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահի խոսքով՝ փոխայցելությունները կարող են տեղի ունենալ «երբ նորմալ պայմաններ ստեղծվեն»։ «Դրա համար նորմալ վիճակ կստեղծվի, և ես կգնամ իրենց մոտ, նրանք կգան, նա կգա: Մենք ունենք համապատասխան աշխատանքային գրաֆիկ, մեր բոլոր ծառայությունները աշխատում են կապի մեջ՝ աշխատում են և՛ ԱԳՆ-ն, և՛ Կառավարության տնտեսական բլոկը։ Մեր աշխատանքը չի դադարում, աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, ինձ զանգահարեց վարչապետ Փաշինյանը, մենք հեռախոսով խոսեցինք, ի թիվս այլոց խոսեցինք առաջիկա, այսինքն՝ այսօրվա գագաթնաժողովի մասին։ Կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում, բայց հիմա չեմ ասի, ավելի լավ է հարցնել Հայաստանի վարչապետին։ Որքան հասկանում եմ, Հայաստանը չի լքում ԱՊՀ-ն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «մի շարք հանգամանքների բերումով» չի կարող մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք նիստին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







