Վրաստանում արդեն ամիսներ ձգվող բողոքի ցույցերը դադարեցվում են: «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն «Պալիտրանյուս» հեռուստաընկերության Newsroom հաղորդման եթերում հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ միավորված ընդդիմության բողոքի ցույցերը երկրում դադարեցվում են: Վրաստանի ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները 2020 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ձևաչափի շուրջ ի վերջո համաձայնության են եկել, շուտով նախընտրական քարոզարշավ կմեկնարկի:
ТАСС գործակալությունը հայտնում է, որ խառը համակարգով անցկացվելիք ընտրությունների արդյունքում 150 պատգամավորներից 120-ը կընտրվեն կուսակցական ցուցակներով, իսկը 30-ը՝ մեծամասնական կարգով։
Վրաստանի Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեն հայտարարել է. «Պայմանավորվածությունն ամուր հիմք է հանդիսանում Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Վրաստանը շարունակում է իր ժողովրդավարության ամրապնդումը: Այդ բանակցությունների հաջող եզրափակման արդյունքում առաջին հերթին շահել է մեր երկիրը, հասարակությունը, եւ որ ամենակարևորն է, իշխանությունը»։
«Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն էլ ասել է. «Այսօր հանդիպում կունենաք ե,ւ հավանաբար, կհրաժարվենք ակցիաներից: Աստված չանի՝ կրկին ստեն: Եթե համաձայնությունն իրականություն դառնա, կլինի նախընտրական քարոզարշավ: Մեր նպատակը շենքերի մուտքերի արգելափակումն ու փողոցում կանգնելը չէ: Սա միակողմանի զիջում չէր: Մենք սպասում էինք լիարժեք համամասնական ընտրակարգի ու մեր կողմից արդեն իսկ զիջում է այն, որ 30 մեծամասնական պատգամավոր է լինելու»:
Ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները մարտի 8-ին բանակցություններ են վարել Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատանը, դեսպան Քելլի Դեգնանի ներկայությամբ: Հանդիպման ավարտին մասնակից կողմերը հուշագիր են ստորագրել, որի համաձայն 2020 թվականի աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 120/30 մոդելով: Սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարանը կկազմվի 120 համամասնական ու 30 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից: Հուշագիրը պարտավորեցնում է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությանը Սահմանադրության համապատասխան փոփոխություններ նախաձեռնել խորհրդարանում:
Պայմանավորվածությամբ ենթադրվում է նաեւ կուսակցությունների համար 1 տոկոսային անցումային շեմի սահմանում ընտրությունների ժամանակ՝ նախկին 5 տոկոսի փոխարեն:
Եվս մեկ կարեւոր համաձայնություն, որոնք ձեռք են բերել կողմերը, դա այսպես կոչված 40 տոկոսանոց պատնեշն է, ըստ որի քաղաքական ուժը, որը չի ստանա ձայների 40 տոկոսը, ինքնուրույն չի կարողանա իշխանություն ձևավորել:
Նշենք, որ Վրաստանում այժմ գործում է խառը ընտրական համակարգ: Խորհրդարանը կազմված է 150 պատգամավորից, որոնցից 77-ն ընտրված է համամասնական, իսկ 73 պատգամավորը՝ մեծամասնական ընտրակարգով: Իշխանություն ձեւավորելու համար հաղթող ուժին անհրաժեշտ է առնվազն76 մանդատ:
Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականի հոկտեմբերին:
Հիշեցնենք, 2019 թվականի նոյեմբերի կեսերին վրացական խորհրդարանը մերժեց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները: Ի նշան բողոքի, 12 պատգամավորներ, որոնց մեծ մասը բարձր պաշտոններ էին զբաղեցնում, հայտարարել են իշխող կուսակցությունից իրենց հրաժարականի մասին: Խորհրդարանի որոշումը հարուցեց վրացական ընդդիմության բողոքը եւ սկսվեցին լայնածավալ ցույցեր: Նոյեմբերի 14-ից Թբիլիսիի խորհրդարանում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները: Ցուցարարները, ընդդիմության գլխավորությամբ, պահանջում էին փոփոխել ընտրական համակարգը: Ոստիկանությունը մի քանի անգամ ցրել է ցույցերը ձայնային նռնակների, ջրցանների, մահակների եւ բիրտ ուժի միջոցով:
Բողոքի ցույցի մի քանի առաջնորդներ ձերբակալվել են եւ վարչական պատիժներ ստացել: Ցուցարարների շարքում եղել են վնասվածքներ ստացած անձինք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







