Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները չեն դադարել, ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն՝ ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով News.ru-ի հարցին։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Մոսկվան ակնկալում է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները չեն դադարել։ Սա առաջնահերթ խնդիր է: Ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն։ Մոսկվան ակնկալում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվեն։ Առաջին նման պայմանագիրը խափանվեց։ Երկրորդը ձեռք է բերվել նախօրեին»,- ասել է Զախարովան։
Զախարովան նաև հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի վերջին այցերը Բաքու և Երևան։ Նրա խոսքով՝ եռակողմ համաձայնագրի կետերի կատարումը մնում է հակամարտության կարգավորման հիմքը։
«Երևանի դիմումները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գծով, ստացվել են, աշխատանքներ կատարվում են։ Բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներով»,- եզրափակել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







