Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահի թեկնածուներից վերջինն է քվեարկել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Ֆրանսիայի Հանրապետության գործող ղեկավար Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթի ուղեկցությամբ ժամանել է երկրի հյուսիսում գտնվող Լե Տուկե քաղաքի (Պա դե Կալեի դեպարտամենտ) ընտրատեղամաս, որտեղ և գտնվում է նրանց առանձնատունը:
Մակրոն զույգի տան մոտ հավաքվել է կողմնակիցների մեծ բազմություն, որոնց հետ Ֆրանսիայի առաջնորդը ուրախությամբ շփվել և լուսանկարվել է: Ընտրատեղամաս ժամանելուց առաջ նա երկար ժամանակ ողջունել է հավաքված ֆրանսիացիներին, սեղմել նրանց ձեռքերը, ինքնագրեր բաժանել։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում նախագահ են ընտրում: Փարիզի ժամանակով ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով ժամը 09:00-ին) Ֆրանսիայի տարածքում գրեթե 70 հազար ընտրատեղամաս է բացվել: Ինչպես հայտնել են վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտից, ընտրողների ցուցակներում գրանցվել է ավելի քան 48 մլն ֆրանսիացի: Ընտրություններին մասնակցում է 12 թեկնածու, այդ թվում՝ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը: Նրա գլխավոր մրցակիցը «Ազգային միավորման» թեկնածու, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Մարին Լը Պենն է:





































