ԵՄ-ի ղեկավարությունը դատապարտում է Ուկրաինայում ՌԴ-ի կողմից սկսված ռազմական գործողությունը:
Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հանդես են եկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողության դատապարտմամբ: Ինչպես հաղորդում է TACC-ը՝ այս մասին նրանք հայտարարել են Twitter-ի իրենց էջերում:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Ուկրաինայի վրա Ռուսաստանի անհիմն հարձակումը։ Այս ժամերին մեր մտքերը Ուկրաինայի և անմեղ կանանց, տղամարդկանց և երեխաների հետ են, որոնք հարձակման են ենթարկվում, որոնք վախենում են: Մենք Կրեմլին պատասխանատվության կենթարկենք»,- գրել են նրանք։
Նույն հաղորդագրությունը տեղադրել է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինական տարածքների օկուպացիան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







