Թուրքական ռազմական ինքնաթիռները հունվարի 6-ին և 7-ին տասնյակ անգամ խախտել են հունական օդային տարածքը և անցել երեք հունական կղզիների վրայով: Այս մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը, փոխանցում է ТАСС-ը:
Ինչպես նշում է Proto Thema թերթը, երբ Հունաստանում նշում էին Տիրոջ մկրտությունը, Թուրքիան «շարունակել է իր սադրիչ գործողությունները, չնայած երկու երկրների միջև առկա վստահության ամրապնդման միջոցներին, որոնք նախատեսում են ռազմական գործողություններ թույլ չտալ ազգային և կրոնական գլխավոր տոների ժամանակ»:
Պարբերականը գրում է, որ այդ ընթացքում Թուրքիան 37 խախտում է կատարել հունական օդային տարածքում, որոնցից 35-ը իրականացվել են CN — 235 ռադիոէլեկտրոնային պայքարի ինքնաթիռների և ևս 2-ը՝ F-16 կործանիչների կողմից:
Հունաստանի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ խախտումները տեղի են ունեցել Էգեյան ծովի հյուսիս-արևելյան, կենտրոնական և հարավ-արևելյան հատվածներում երկրի օդային տարածքում: Բոլոր դեպքերում թուրքական օդանավերի որսման համար բարձրացել է հունական ռազմական ավիացիան, որը, միջազգային պրակտիկային համապատասխան, ստիպել է խախտողներին լքել Հունաստանի օդային տարածքը, ընդգծել են գլխավոր շտաբում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







