Չինաստանի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ — ի կողմից պատժամիջոցների հնարավոր ուժեղացումը չի կանգնեցնի Չինաստանի հետազոտությունները կապի վեցերորդ սերնդի՝ 6G ոլորտում: Այս մասին գրում է Global Times թերթը՝ մեջբերելով չինացի փորձագետների կարծիքը:
«ԱՄՆ-ն, անշուշտ, ավելի զգուշավոր կլինի 6G ոլորտում չինական հետազոտությունների նկատմամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, հնարավոր է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի չինական ընկերությունների, այդ թվում՝ «Huawei»- ի և «ZTE»-ի նկատմամբ, ինչպես նաև կընդլայնի չինական ընկերությունների հետ տեխնոլոգիական փոխանակման արգելքը՝ փորձելով զսպել ՉԺՀ-ում 6G-ի զարգացումը», — ասել Է Պեկինում հիմնված Տեղեկատվական սպառման և խթանման միության գլխավոր տնօրեն Սյան Լիկանը:
«Սակայն ԱՄՆ պատժամիջոցները և արգելքները չեն կարողանա զսպել Չինաստանին և ԴՐԱՆՈՎ միայն կօգնեն չինական տեխնոլոգիական ոլորտին ավելի արագ տեմպերով զարգանալ», — ընդգծել է Սյան Լիկանը:
Ինչպես գրում է Global Times-ը՝ վկայակոչելով ոլորտի ներդրողներին, Չինաստանում 6G տեխնոլոգիաների զարգացումը թերևս ուղղված չԷ ԱՄՆ-ին, բայց անխուսափելիորեն ԱՄՆ-ի համար անհանգստության մի նոր պատճառ կդառնա:
Փորձագետները նաև նշում են, որ առայժմ 6G հայեցակարգը կոնկրետ սահմանումներ և չափորոշիչներ չունի: «China Unicom» կապի օպերատորի ցանցային տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակից Տան Սյունյանը նշել է, որ․ «Երբ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների մեկ սերունդը ներմուծվում է առևտրային օգտագործման (խոսքը գնում է 5G-ի մասին), գալիս է հաջորդ սերնդի (կապի) համար տեխնոլոգիաների և չափորոշիչների հետազոտություն անցկացնելու ժամանակը։Դա օրինաչափ գործընթաց է»:
Նշենք, որ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվության նախարարությունը հայտնել էր, որ Չինաստանը կսկսի 6G ոլորտում հետազոտություններ. հայտարարությունն արվել է մեկ շաբաթ անց, երբ Չինաստանի առաջատար բջջային օպերատորները սկսեցին բնակչությանը տրամադրել հինգերորդ սերնդի կապի ծառայություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







