Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաջորդ շաբաթ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հաստատման հարցը: Այս մասին հայտնում է rbc.ua-ն։
«Ամերիկայի անվտանգության` Կրեմլի ագրեսիայից պաշտպանության մասին» օրինագծի հեղինակներից մեկը` Հարավային Կարոլինայից ընտրված hանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ներկայացված առաջարկը բնութագրել է որպես «դժոխային պատժամիջոցների փաթեթ»: Նախաձեռնության համաձայն` պատժամիջոցների թիրախում են հայտնվելու նախագահ Պուտինի մերձավոր շրջապատի որոշ ներկայացուցիչներ, Ռուսաստանի մի շարք բանկեր, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից մի քանիսը:
Պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև երրորդ երկրներում էներգետիկ նախագծեր կյանքի կոչող ռուսաստանյան ընկերություններից մի քանիսի դեմ: Պատժամիջոցների փաթեթի հեղինակները նշում են, որ նախաձեռնությամբ են հանդես եկել` Կրեմլի կողմից այլ երկրների ժողովրդավարական հաստատությունների խաթարմանն ուղղված գործողությունների, ինչպես նաև Ուկրաինայի դեմ ագրեսիայի և Սիրիայում ծավալած չարամիտ գործունեության պատճառով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի քննարկումը նախատեսվում էր դեկտեմբերի 11-ին, սակայն Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ Սենատի անդամ Մայք Քրեյպոն արգելափակել է դեմոկրատների ՝ փաստաթղթի օգտին քվեարկելու փորձը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







