Ղազախստանի Bek Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի սև արկղերը գտնվում են լավ վիճակում և փոխանցվել են Մոսկվայում գտնվող Միջպետական ավիացիոն կոմիտե (ՄԱԿ): ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարը։
«Ինքնաթիռի սև արկղերը երեկ փոխանցվել են Միջպետական ավիացիոն կոմիտե։ Երեք սև արկղերը լավ վիճակում են, ուստի հույս ունենք, որ դրանց վերծանման հետ կապված խնդիրներ չեն լինի», — պատմել է Սկլյարը։
Սև արկղերը կարող են վերծանել մինչև 2020 թվականի հունվարի 10-ը։
«Միջպետական ավիացիոն կոմիտեն խոստացել է, որ տոնական օրերին նրանք կաշխատեն, կտան իրենց վերծանումները, և մենք մինչև հունվարի 10-ը, կտանք հետաքննության նախնական արդյունքները», — պատմել է Սկլյարը:
Իսկ ավիաընկերության աշխատանքը շարունակելու մասին որոշումը, ըստ նրա, կընդունվի 2020 թվականի հունվարի 10-ից հետո արտակարգ պատահարի հետաքննության նախնական արդյունքների մասին հաշվետվությունից հետո:
Նշենք, որ Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանումը, որում եղել են 95 ուղևորներ և անձնակազմի 5 անդամներ, տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին՝ Ալմաթիից մեկնելուց անմիջապես հետո։ Օդանավը թռիչքի ժամանակ կորցրել է բարձրությունը, կոտրել բետոնե պատնեշը և բախվել երկհարկանի տան։ Վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







