Քաբուլն իրենց վերահսկողության տակ վերցրած «Թալիբան» արմատական շարժման զինյալներին հրահանգ է տրվել չխաթարել աֆղանստանցիների սովորական կյանքը և չվախեցնել նրանց:
Այս մասին երկուշաբթի հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով թալիբների բարձրաստիճան պաշտոնյայի:
Նա ասաց, որ զինյալներին հրահանգ է տրվել թույլ տալ աֆղանցիներին վերսկսել իրենց ամենօրյա գործունեությունը:
Ավելի վաղ, «Թալիբան» շարժման կատարական քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Նաիմը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ «պատերազմն Աֆղանստանում ավարտված է»: Նա ասաց, որ մոտ ապագայում թալիբները կորոշեն Աֆղանստանում իշխանության տեսակը և ռեժիմը:
«Թալիբան» շարժման գրոհայինները կիրակի օրը առանց կռվի մտել են Քաբուլ և գրավել կառավարական ուժերի կողմից լքված գրասենյակները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր տարածքներում վերահսկողություն սահմանելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







