Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին վերանշանակել է երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ երկրի ղեկավարը հաստատել է կառավարության կազմը, որում իրենց տեղերը պահպանել են նախորդ կառավարության բոլոր անդամները, այդ թվում՝ ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, ՆԳՆ ղեկավար Յուրի Կարաևը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին երկրում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով, ինչպես ցույց են տալիս ԿԸՀ տվյալները, հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ձայների 80,1 տոկոսի արդյունքով: Նրա գլխավոր մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան, հավաքել է 10,12 տոկոս։
Ընդդիմությունը հրաժարվել է ընդունել այդ արդյունքները և հայտարարել է իշխանությունը հանձնելու համակարգող խորհրդի ստեղծման մասին։
Արդյունքների հայտարարումից հետո Բելառուսում զանգվածային չարտոնված ակցիաներ են սկսվել, որոնք սկզբում կոշտ ճնշվում էին ուժայինների կողմից: Իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։
Հաջորդ հանրահավաքները խաղաղ էին, ոստիկանությունը չէր միջամտում տեղի ունեցածին։
ՆԳՆ տվյալներով՝ բողոքի առաջին օրերին ձերբակալվել է 6700 մարդ, որոնց մեծ մասն արդեն ազատության մեջ է։ Տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ ավելի քան 100 ուժայիններ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է երեք մարդ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսի նախագահի ընտրության արդյունքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







