Ալեքսանդր Լուկաշենկոյին չի կարելի նախկինի պես համարել Բելառուսի լեգիտիմ առաջնորդ։ Այս մասին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։ «Չեմ կարծում, որ մենք նախկինի պես կարող ենք Լուկաշենկոյին անվանել պետության լեգիտիմ ղեկավար, քանի որ Բելառուսում ազատ ժողովրդավարական ընտրություններ չկան»,-ասել է նա:
Նաուսեդան նաև հայտնել է Մինսկի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին, եթե նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը չհաջողվի լուծել խաղաղ ճանապարհով: Նաուսեդան հայտարարել է, որ Ռուսաստանը «շահագրգռված է դրածո պետություն ունենալու մեջ»: «Եթե մենք պասիվ հետևենք տեղի ունեցածին, Բելառուսը, հնարավոր է, ամբողջությամբ ինտեգրվի Ռուսաստանի կազմին», — ասել է Լիտվայի նախագահը:
«Մենք՝ ոչ միայն Լիտվան, այլև ողջ Եվրամիությունը, շահագրգռված ենք, որ Բելառուսը լինի կայուն, ժողովրդավարական և ինքնիշխան պետություն»: Հիշեցնենք, որ Նաուսեդան օգոստոսի 12-ին հայտնել էր, որ Լիտվան, Լատվիան և Լեհաստանը Բելառուսում ճգնաժամի լուծման ծրագիր են պատրաստել, որը պարունակում է երեք կետ՝ երկրի իշխանությունների հրաժարումը ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելուց, ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելը: Երկխոսության հարթակ, Նաուսեդայի կարծիքով, կարող էր լինել յուրատեսակ ազգային հաշտեցման խորհուրդը, որը ձևավորվել է իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







