Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին։
«Էր Ռիադի օդանավակայանում գտնվող ականատեսները հայտնել են, որ պայթյունից հետո բազմաթիվ վիրավորների են տեսել»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։
Նյութի հրապարակման պահին Սաուդյան Արաբիայի իշխանությունները տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չէին ներկայացրել։ Օդանավակայանի ղեկավարությունն ուղևորներին հորդորել է մեկնելուց առաջ կապ հաստատել ավիաընկերությունների հետ և ստուգել չվերթերի կարգավիճակը։
Etihad Airways և Qatar Airways ավիաընկերությունները չեղարկել են Էր Ռիադն իրենց հիմնական օդանավակայանների հետ կապող մի շարք չվերթեր։ Չեղարկումների մի մասը վերաբերում է նաև երկուշաբթի օրվան։
Միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի տարածքի նկատմամբ Եմենի հութիների հրթիռային հարձակումների ակտիվացման ֆոնին։ Շաբաթվա սկզբին Էր Ռիադի օդանավակայանն արդեն ենթարկվել էր հարվածների, որոնց հետևանքով, ըստ հաղորդումների, զոհվել և վիրավորվել էին մարդիկ, վնասվել էր նաև ազգային Saudia ավիափոխադրողի ինքնաթիռը։
Reuters-ի տվյալներով՝ նախորդ հարձակումների հետևանքով մի շարք ավիաընկերություններ ժամանակավորապես դադարեցրել կամ չեղարկել էին չվերթերը, ինչի հետևանքով խափանվել էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդային հաղորդակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







