ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հիասթափություն է հայտնել, որ իրեն խաղաղության Նոբելյան մրցանակ չեն շնորհել՝ չնայած ռազմական հակամարտությունների կարգավորման գործում իր նշած հաջողություններին։
«Ես կարգավորել եմ ութ պատերազմ և մոտ եմ ևս երկուսն ավարտելուն կամ կարգավորելուն։ Վերադարձրել եմ բոլոր իսրայելցի պատանդներին, այդ թվում՝ վերջին 28-ին՝ ինչպես ողջ, այնպես էլ մահացած։ Ազատել և հայրենիք եմ վերադարձրել աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր պատանդների»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ հաղթել է Վենեսուելայի պատերազմում, թույլ չի տվել Իրանին միջուկային զենք ձեռք բերել և բազմաթիվ այլ ձեռքբերումներ է ունեցել։ Նա հիասթափություն է հայտնել, որ, չնայած այդ ամենին, ո՛չ ինքը, ո՛չ ԱՄՆ-ն խաղաղության Նոբելյան մրցանակ չեն ստացել։
Թրամփը նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ իր կարգավորած յուրաքանչյուր հակամարտության համար, քանի որ, ըստ նրա, տարածաշրջանային ութ պատերազմ և հակամարտություն ավարտվել են իր անմիջական մասնակցությամբ։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, որ խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է անհայտ անձի՝ ՄԱԿ-ի աշխատակցի, որը, նրա գնահատմամբ, ոչնչի չի հասել։ Թրամփը նաև պնդել է, որ Նոբելյան կոմիտեն վարկաբեկել է իրեն։
Օսլոյում Նոբելյան կոմիտեն հայտարարել էր, որ 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Նավի Փիլային՝ խաղաղության և միջազգային իրավունքի ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







