Իրանը նոր հարձակման դեպքում հակառակորդի դեմ կկիրառի «տեխնոլոգիական անակնկալներ», հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Նրա խոսքով՝ իրանական զինված ուժերն զգալի հաջողությունների են հասել ցամաքային, օդային, հակաօդային և ռազմածովային ոլորտներում։ Մշակված տեխնոլոգիաներից մի քանիսն արդեն կիրառվել են մարտի դաշտում, մյուսները նախատեսվում է կիրառել ապագայում։
Իզադին չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տեխնոլոգիաների մասին է խոսքը։
Հայտարարությունը հնչել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման ֆոնին․ Վաշինգտոնը տարածաշրջան է ուղարկում երրորդ ավիակիրը և 9000 զինծառայող։
ԻՀՊԿ-ն ավելի վաղ արդեն զգուշացրել էր Իրանի դեմ նոր հարձակումների դեպքում հակամարտության աշխարհագրության հնարավոր ընդլայնման մասին։ Կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին հայտարարել էր, որ Թեհրանը կարող է կիրառել այլ սպառազինություն ու ռազմական մարտավարություն, ինչպես նաև ընդլայնել թիրախների ցանկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







