Սեպտեմբերի 23-ին Հորմուզի նեղուցով անցել է մոտ 60 առևտրային նավ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ի ամերիկացի անանուն պաշտոնյայի։
Պաշտոնյայի խոսքով՝ նավերը տեղափոխել են հուլիսի սկզբից ի վեր նավթի օրական ամենամեծ ծավալը։ Հաղորդագրության համաձայն՝ նեղուցով անցել է 22 միլիոն բարել նավթ։ Աղբյուրը նաև հայտնել է, որ այդ նավերից շուրջ 40-ի տեղաշարժը համակարգել են ԱՄՆ զինվորականները՝ անվտանգությունն ապահովելու նպատակով։
Reuters-ը նշում է, որ չի կարողացել անկախ աղբյուրներից հաստատել այս տեղեկությունը։
Մինչև փետրվարի 28-ին Իրանի հետ պատերազմի բռնկումը, նեղուցով սովորաբար օրական անցնում էր շուրջ 125 խոշոր առևտրային նավ, այդ թվում՝ լցանավեր, կոնտեյներատարներ, նավթատարներ և գազատարներ։ Դրանք տեղափոխում էին նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային օրական մատակարարումների մոտ 20 տոկոսը։
Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանն ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը պահանջում էր անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածներն Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով վերջինիս Հորմուզի նեղուցին վերաբերող պայմանավորվածությունները խախտելու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







