Հարյուր հազարավոր մարդիկ մասնակցել են Թեհրանում իշխանությունների կազմակերպած հանրահավաքին, որն անցկացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանը «ոչնչացնելու» սպառնալիքի հաջորդ օրը, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Իրանի իշխանությունների տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է 313 000 մարդ։ Al Jazeera-ն նշել է, որ այդ թիվը հնարավոր չէր անկախ աղբյուրներից հաստատել։ Այն փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր իշխանություններին աջակցող ամենախոշոր ցույցն է դարձել։
Հանրահավաքի ժամանակ իշխանությունները ներկայացրել են կամավորական նոր ստորաբաժանում, որի անդամները ռազմական և արտակարգ իրավիճակներում գործելու պատրաստություն կանցնեն։ Ցուցարարներից ոմանք ներկայացել են զինվորական համազգեստով և զենքով՝ հայտնելով երկիրը պաշտպանելու պատրաստակամության մասին։
Հանրահավաքն անցկացվել է Թրամփի՝ Իրանը «ոչնչացնելու» հնարավորության վերաբերյալ հայտարարության հաջորդ օրը։
«Ինձ մեծ որոշում է սպասվում։ Մտնեմ այնտեղ և ոչնչացնե՞մ նրանց, թե՞ ոչ։ Սա մեծ որոշում է։ Ինձ հետ ամեն ինչ կարող է պատահել»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ հարվածներ էին սկսել փետրվարի վերջին։ Հուլիսին տեղի ունեցած նոր սրացումից հետո Թեհրանը դադարեցրել էր հունիսին Վաշինգտոնի հետ ստորագրված հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։
Մարտական գործողությունները շարունակվում են նաև Հորմուզի նեղուցի շրջանում։ Իրանը հայտնել էր ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, իսկ նեղուցում նավերի վրա հարձակումներ էին արձանագրվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







