Լիբանանը որևէ նոր բանակցություն չի վարում Իսրայելի հետ, հարավային Նաբաթիե քաղաք կատարած այցելության ընթացքում հայտարարել է երկրի նախագահ Ջոզեֆ Աունը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Լիբանանյան կողմը պահանջում է իսրայելական զորքերի անհապաղ դուրսբերում երկրի հարավային շրջաններից, ինչպես նաև բանտարկյալների և տեղահանված քաղաքացիների վերադարձը իրենց բնակավայրեր։
Պետությունն արդեն սկսել է ավերված բնակավայրերի վերականգնման աշխատանքները։ Նախագահի խոսքով՝ Նաբաթիեի, Թայրի և Արաբ Սալիմի համայնքների օգնության կոչերն անպատասխան չեն մնա, և իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ բնակչության դիմադրողականությունն ապահովելու համար։
Լիբանանի բանակի հրամանատարությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Նաբաթիեի նահանգի հարավային հատվածներ՝ անվտանգության գործողություններն ակտիվացնելու նպատակով։
Այս քայլերը հաջորդել են սեպտեմբերի 9-ին Իսրայելի իրականացրած ինտենսիվ ավիահարվածներին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 27 մարդ, ևս 69-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների թիվը սեպտեմբերի 7-ի դրությամբ հասել էր 4372-ի, իսկ վիրավորներինը՝ 12 364-ի։ Սեպտեմբերի 6-ին հարավային Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել էր 4 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







