ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հետաձգել ուրբաթ օրը Իրանի վրա նախատեսված հարվածները, մասամբ այն պատճառով, որ հույս ունի դիվանագիտական լուծման, հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահ Թրամփը խնդրել է զինվորական հրամանատարներին ուրբաթ օրը չհարվածել Իրանին։ Սա տեղի է ունեցել գրեթե երկու շաբաթ տևած հարվածներից հետո»,- նշվում է հոդվածում։
Նշվում է, որ այս քայլը «մի կողմից արտացոլում է Թրամփի ցանկությունը՝ ավելի լավ հնարավորություն տալ դիվանագիտական լուծման, իսկ մյուս կողմից՝ ցույց է տալիս, որ ԱՄՆ հարվածները իրենց ներկայիս մասշտաբով հասել են իրենց գագաթնակետին արդյունավետության առումով»։
Հոդվածում ընդգծվում է, որ ԱՄՆ հրամանատարների խոսքով՝ Իրանի վրա հետագա զգալի ազդեցությունը հնարավոր կլինի միայն լիարժեք գործողությունը վերսկսելով։ Զինվորականները պատրաստվում են այն դեպքում, եթե նման գործողություններ անհրաժեշտ լինեն։ Միևնույն ժամանակ, պորտալի տվյալներով, Թրամփը դեռևս որևէ հրաման չի տվել Իրանի դեմ գործողության հնարավոր սրման վերաբերյալ։
Շաբաթ երեկոյան Իրանի վրա ԱՄՆ հարվածների մասին որևէ տեղեկություն չի հայտնվել։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն նախկինում 13 գիշեր անընդմեջ ռմբակոծել էր Իրանը։
Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:
ԱՄՆ-ն ու Իրանը հուլիսի 7-ից վերսկսել էին փոխադարձ հարվածները, ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները կասեցնում են ԱՄՆ-ի հետ հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած իրենց պարտավորությունները։

























