Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթը կդառնա ամենախոշորը վերջին չորս տարվա ընթացքում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Սա վերջին չորս տարվա ընթացքում պատժամիջոցների մեր ամենախոշոր փաթեթն է. ընդհանուր առմամբ պատժամիջոցների ցուցակներում ներառվել է 218 անուն», - ընդգծել է Կալլասը։
Նրա խոսքով՝ այս անգամ սահմանափակումները կիրառվում են ավելի քան հարյուր բանկերի և կրիպտոարժույթների օպերատորների, «ստվերային նավատորմի» ավելի քան 40 նավերի, ինչպես նաև Ռուսաստանում և Բելառուսում գտնվող մի քանի նավթավերամշակման գործարանների դեմ, որոնք օգնում են Կրեմլին շարունակել պատերազմը։
Բացի այդ, Բրյուսելում հայտարարել են, որ ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակներում ներառել է ռազմարդյունաբերական համալիրի ավելի քան 50 ձեռնարկություն, այդ թվում՝ ռուսական հեռահար անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության առանցքային մասնակիցներին։
Կալլասը հավելել է, որ այս որոշումը լրացնում է անցյալ շաբաթ սահմանված պատժամիջոցները, որոնք կիրառվել էին ուկրաինացի ռազմագերիների ու քաղաքացիական ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրանց սպանությունների համար պատասխանատու անձանց, ինչպես նաև այն տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք օգնում են Կրեմլին ճնշումներ իրականացնել համացանցի օգտատերերի նկատմամբ։
Եվրահանձնաժողովը պատժամիջոցների 21-րդ փաթեթն առաջարկել էր հունիսին, սակայն, ըստ ԶԼՄ-երի, Եվրամիության անդամ երկրների դեսպանները չէին կարողացել համաձայնության հասնել այդ պատժամիջոցների շուրջ։
Փետրվարին ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետը։




































