ԱՄՆ զինված ուժերը գաղտնի գործողությամբ կազմակերպել են նավից նավ նավթի տասնյակ փոխաբեռնումներ՝ Պարսից ծոցի երկրների էներգակիրների արտահանումն ապահովելու նպատակով, հայտնում է Reuters-ը։
Գործողությունն իրականացվում է Հորմուզի նեղուցի մերձակայքում և հիմնված է փոխաբեռնման մեթոդի վրա, որն Իրանը երկար ժամանակ կիրառել է պատժամիջոցները շրջանցելու համար։ Այդ նպատակով օգտագործվել են անօդաչու թռչող և ջրային սարքեր, ինչպես նաև ուղղաթիռներ, որոնք ուղեկցել են նավերի շարասյուները դեպի սպասող տանկերներ։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նավթի փոխաբեռնումներն իրականացվում են երկու կետում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքի ափերի մոտ և Օմանի Սոհար նավահանգստի շրջանում։
Նշվում է, որ նավթը խոշոր տանկերների վրա վերալցվել է արդեն ամենավտանգավոր հատվածից դուրս։ Այս մեթոդը երկար ժամանակ օգտագործվել է Իրանի կողմից պատժամիջոցները շրջանցելու համար, իսկ ԱՄՆ-ն սկսել է այն կիրառել Ծոցից նավթի արտահանումը պահպանելու նպատակով՝ նեղուցի փաստացի փակման ֆոնին։
Սխեմայի համաձայն՝ տանկերները շարժվել են դեպի նեղուցից առաջ գտնվող հանդիպման կետ, այնուհետև անցել են մոտ 3000-4000 մետր միջակայքով՝ անջատված տրանսպոնդերներով և թույլ լուսավորությամբ։ Նեղուցն անցնելուց հետո դրանք մոտեցել են խոշոր VLCC տանկերներին, իսկ վերալցումը տևել է 24-40 ժամ։
Մայիսի սկզբից գործողություններին մասնակցել էր առնվազն 92 նավ, տանկերներն ընթացել էին անջատված տրանսպոնդերներով և թույլ լուսավորությամբ, իսկ հունիսի 9-ին Իրանի կողմից խոցված Apache ուղղաթիռը, Reuters-ի աղբյուրների տվյալներով, ներգրավված էր այս առաքելությունում։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հերքում է զինվորականների մասնակցությունն այդ գործողությանը։
Վերալցումներին մասնակցել են ԱՄԷ-ի և Քուվեյթի հետ կապված տանկերներ, այդ թվում՝ ADNOC-ի և Kuwait Oil Tanker Company-ի նավերը։ Reuters-ը նաև հիշատակում է հունական Dynacom Tankers Management օպերատորին, Չինաստանը՝ որպես բեռների մի մասի նշանակման վայր, և Հնդկաստանը՝ որպես շրջան, որի մոտ նկատվել է նավերից մեկը։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ զգալիորեն խաթարել է նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Իրանը հայտարարել էր դրա փակման մասին, ինչպես նաև սկսել էր վճար գանձել նեղուցով անցնելու համար։ Իրանում նաև հայտարարել էին նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին, ինչի հետևանքով նվազել են նավթի համաշխարհային պաշարները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







