Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Աշխարհի առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ իրանցի երկրպագուների համար նախատեսված տոմսերի քվոտան չեղարկվել է, գրել է Reuters-ը։
Ֆեդերացիան հայտարարել է, որ արդեն սկսվել էր հանդիպումների տոմսերի վաճառքի գործընթացը, սակայն այժմ այլևս չեն կարող դրանք տրամադրել երկրպագուներին։ Կառույցն ընդգծել է, որ իրանցի աջակիցներին տոմսերի օրինական քվոտայից զրկելը հակասում է միջազգային մրցումների ոգուն և մասնակից երկրների միջև հավասարության սկզբունքին։ Ֆեդերացիայի գնահատմամբ՝ այս իրավիճակը հարցեր է առաջացնում ֆուտբոլի խոշորագույն մրցաշարի կազմակերպման վրա քաղաքական և արտաքին գործոնների ազդեցության վերաբերյալ։
Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 12-ին։ Իրանի ընտրանին Group G-ի շրջանակում առաջին երկու խաղերն անցկացնելու է Լոս Անջելեսում՝ հունիսի 15-ին՝ մրցելով Նոր Զելանդիայի, իսկ հունիսի 21-ին՝ Բելգիայի հետ, որից հետո հունիսի 26-ին Սիեթլում հանդիպելու է Եգիպտոսի հավաքականին։
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ որոշման պատճառով երկրպագուները, որոնք արդեն պլանավորել էին իրենց ճամփորդությունը, չեն կարողանա ներկա լինել հավաքականի հանդիպումներին։ Աշխարհի առաջնության կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր ֆեդերացիա ստանում է տվյալ խաղի տոմսերի ընդհանուր քանակի 8 տոկոսը՝ սեփական հայեցողությամբ երկրպագուների միջև բաշխելու համար։
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան չի հստակեցրել, թե ով է կայացրել տոմսերի տրամադրումը կասեցնելու որոշումը, սակայն կոչ է արել ՖԻՖԱ-ին հավատարիմ մնալ չեզոքության, արդարության ու սահմանված կանոնակարգերի սկզբունքներին և թույլ չտալ, որ արտամարզական խնդիրները ստվեր գցեն մրցաշարի վրա։ ՖԻՖԱՆ-ն դեռ չի արձագանքել իրանական կողմի խնդրին։
Աշխարհի առաջնությանը՝ Իրանի մասնակցության հարցը հայտնվել էր անորոշության մեջ այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ԱՄՆ-ն և Իսրայելը օդային հարվածներ հասցրին Իսլամական Հանրապետությանը՝ հրահրելով տարածաշրջանային հակամարտություն։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարել թիմի մարզաբազան Արիզոնայից Մեքսիկա տեղափոխելու շուրջ՝ կապված ԱՄՆ վիզաների ստացման անորոշության և երկրում առկա այն տրամադրությունների հետ, որ հավաքականի ներկայությունն ԱՄՆ-ում պետք է հասցվի նվազագույնի, մանրամասնում է լրատվականը։
Շաբաթներ տևած անորոշությունից հետո՝ առաջին խաղից 10 օր առաջ, ԱՄՆ-ն վիզաներ տրամադրեց բոլոր ֆուտբոլիստներին, սակայն անձնակազմի մի քանի անդամներ այն այդպես էլ չստացան։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել էր, որ վարչակազմը տրամադրել է «բոլոր անհրաժեշտ վիզաները, որպեսզի Իրանը կարողանա հանդես գալ աշխարհի առաջնությունում», հաղորդել է լրատվամիջոցը։
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ կառույցի գլխավոր քարտուղար Մատիաս Գրաֆստրյոմը «դրական քննարկում» է ունեցել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջի հետ՝ հավաքականի՝ մրցաշարի մարզաբազա ժամանելուց հետո։ Գրաֆստրյոմի խոսքով՝ քանի որ թիմն արդեն Մեքսիկայում է, ՖԻՖԱ-ն կշարունակի երկխոսությունն ու համագործակցությունը իրանական կողմի հետ՝ պատվիրակության համար դրական արդյունքներ ապահովելու նպատակով։





































