ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր թափով կվերսկսի հարվածներն Իրանի ուղղությամբ, եթե Թեհրանի հետ նոր համաձայնագիր չկնքվի, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Axios պորտալին։
«Մենք ցանկանում ենք գործարք կնքել։ Նրանք այժմ այնտեղ չեն, որտեղ կցանկանայինք տեսնել։ Նրանք ստիպված կլինեն գնալ դրան, այլապես նրանց ուժեղ հարվածներ կհասցվեն, ինչը չենք ցանկանում»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հավելել է, որ եթե Թեհրանը չներկայացնի Վաշինգտոնին բավարարող նոր առաջարկ, Իրանին հասցվող հարվածները կլինեն «շատ ավելի հզոր, քան նախկինում»։
Axios-ի տվյալներով՝ մայիսի 19-ին ԱՄՆ նախագահը նախատեսում է հանդիպում անցկացնել ազգային անվտանգության թիմի անդամների հետ՝ քննարկելու Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների հետագա տարբերակները։ Նշվում է նաև, որ մայիսի 16-ին Թրամփն արդեն իսկ քննարկել է իրանական թեման ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԿՀՎ ղեկավար Ջոն Ռետկլիֆի հետ։
ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել էին Իրանի վրա փետրվարի 28-ին, ինչին ի պատասխան՝ Թեհրանը որոշել էր փակել Հորմուզի նեղուցը։
Ապրիլի 7-ին Թրամփը հայտարարել էր երկշաբաթյա երկկողմանի հրադադարի մասին, իսկ ապրիլի 21-ին միակողմանիորեն երկարաձգել այն։






































