ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի պլանների մասին՝ միաժամանակ սպառնալով հարվածներ հասցնել իրանական կամուրջներին և էլեկտրակայաններին, հայտնել է Reuters գործակալությունը:
Թրամփի խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը Պակիստան կժամանի ապրիլի 20-ի երեկոյան։ Գործակալությունը նշել է, որ կողմերն ընդամենը մեկ օր կունենան առաջընթացի հասնելու համար՝ մինչև երկշաբաթյա զինադադարի ժամկետի ավարտը։
«Մենք առաջարկում ենք շատ արդար և ողջամիտ գործարք, և ես հույս ունեմ, որ նրանք կընդունեն այն, քանի որ հակառակ դեպքում Միացյալ Նահանգները շարքից կհանի Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու բոլոր կամուրջները»,- գրել է Թրամփն իր սոցիալական էջերում։
Միևնույն ժամանակ, իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը պատվիրակություն ուղարկելու որոշում չի կայացնի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը։
Սպիտակ տան ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը բանակցություններում կգլխավորի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Պատվիրակության կազմում կլինեն նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Իսլամաբադում ապրիլի 11-ին կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ին և Իրանին չէր հաջողվել համաձայնության գալ։ Ապրիլի 17-ին Թրամփը հայտարարել էր, թե Իրանի հետ գործարքը «շատ մոտ է» կնքմանը, և Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ին փոխանցել հարստացված ուրանի իր պաշարները։ Իրանական կողմի պաշտոնական ներկայացուցիչները հերքել էին այդ հայտարարությունները։






























