Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով IRNA-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ Իրանի հարցով բանակցությունների համար: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը պնդել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում:
Ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ին և Իրանին չէր հաջողվել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ։ Կողմերը բանակցությունները որակել էին որպես «բարդ»։
Թրամփը, սակայն, պնդել էր, թե Իրանի հետ համաձայնագիրը «շատ մոտ է» կնքմանը, և Թեհրանը պատրաստ է ամերիկյան կողմին փոխանցել հարստացված ուրանի պաշարները։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել էին այս տեղեկությունները։
Ապրիլի 19-ին Իրանը հայտարարել է, որ փակել է Հորմուզի նեղուցը մինչև ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման լիակատար չեղարկումը։


























