Աշխարհում էներգակիրների գները կտրուկ անկում են գրանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ հրադադարի մասին հայտարարությունից հետո։ Ինչպես վկայում են բորսայական սակարկությունների տվյալները, Brent և WTI մակնիշի նավթի գները նվազել են ավելի քան 15-17%-ով։
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 15%-ով՝ մարտի 11-ից ի վեր առաջին անգամ իջնելով բարելի դիմաց 92 դոլար։ Միևնույն ժամանակ, ամերիկյան WTI տեսակի նավթի գինը նվազել է ավելի քան 17%-ով։
Սպիտակ տան ղեկավարն ապրիլի 8-ին հայտարարել էր վերջին պահին ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը հաջորդել էր նրա իսկ սպառնալիքին, թե «այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի»։
Թրամփի խոսքով՝ համաձայնել է երկու շաբաթով կասեցնել Իրանի ռմբակոծություններն ու հարձակումները պայմանով, որ Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների համար ապահովվի ազատ տեղաշարժ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել էր, որ նեղուցը կբացվի հինգշաբթի կամ ուրբաթ, եթե «բանակցությունների համաձայնության հասնեն»: Ընդ որում՝ նեղուցով անցումը կլինի սահմանափակ և Իրանի զինուժի հետ համակարգված:
































