Ամերիկյան զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Սպահան քաղաքում գտնվող խոշոր զինամթերքի պահեստին՝ կիրառելով 907 կգ քաշով հակաբունկերային ռումբեր, հաղորդել է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ավելի վաղ Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում են Սպահանում հզոր պայթյունները:
Պայթյունները, ըստ Associated Press-ի, տեղի են ունեցել Սոֆֆե լեռան մոտակայքում՝ այն տարածքում, որտեղ, ենթադրաբար, տեղակայված են իրանական ռազմական դիրքերը:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:






































