Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի Հայֆա քաղաքի «կենսական կենտրոններին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերով: Իրանի բանակի հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունն իրականացվել է՝ Իրանի հրթիռային և անօդաչու ներուժի վրա հարձակումների վերաբերյալ «թշնամու հայտարարություններին ի պատասխան»:
Ըստ իրանական կողմի՝ հարվածների թիրախում էին իսրայելական նավատորմի հետ կապ ունեցող նավաշինարանը, ինչպես նաև իսրայելական կործանիչների համար նախատեսված վառելիքի պահեստները:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







