Ուկրաինայի շուրջ ընթացող խաղաղության գործընթացն աստիճանաբար փակուղի է մտնում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորցնում է բանակցությունների նկատմամբ հետաքրքրությունը Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Կիևի հետ խորհրդակցություններին մասնակցող չորս եվրոպացի դիվանագետի կարծիքով՝ այս պայմաններում Ռուսաստանը մի շարք առավելություններ է ստացել. նավթի համաշխարհային գների աճն ամրապնդել է նրա տնտեսական դիրքերը, ԱՄՆ-ի որոշ պատժամիջոցներ մեղմացվել են, իսկ Ուկրաինային անհրաժեշտ զինամթերքի պաշարներն սպառվում են։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ Մոսկվայի և Կիևի միջև ԱՄՆ միջնորդությամբ ընթացող բանակցություններն «իսկապես վտանգավոր գոտում են»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը FT-ին հաստատել է, որ բանակցություններում դադար է։
«Ամերիկացիներն այլ առաջնահերթություններ ունեն, և դա հասկանալի է»,- ասել է նա։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի էին ունեցել Ժնևում՝ փետրվարի 17-ին և 18-ին։ Հաջորդ փուլը նախատեսված էր մարտի 5-ին՝ Աբու Դաբիում, սակայն հետաձգվել էր Իրանին ԱՄՆ-Իսրայելի հարվածներից հետո։ Մարտի 15-ին Կրեմլը հայտարարել էր բանակցություններում դադարի մասին։
Եվրոպացի դիվանագետները FT-ին նաև ասել են, որ ամերիկյան որոշ զենքերի, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերի մատակարարումներն Ուկրաինա կարող են հետաձգվել, քանի որ ԱՄՆ-ն առաջնահերթություն է տալիս Մերձավոր Արևելքի երկրներից եկող պատվերներին:
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա»,- հրատարակությանն ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Ըստ FT-ի՝ Մոսկվան նախկինում մերժել էր եվրոպական երկրների առաջարկները՝ բանակցություններին իրենց մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Փետրվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականներ Էմանուել Բոնն ու Բերտրան Բուխվալտերն այցելել էին Մոսկվա, որտեղ քննարկել էին այդ հարցը ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ: Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ ռուսական կողմը, փաստացի, մերժել էր ԵՄ-ի մասնակցության գաղափարը բանակցություններին։
Թրամփը մարտի 14-ին կրկին քննադատել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ NBC News-ին տված հարցազրույցում ասելով, որ նրա հետ «շատ ավելի դժվար է բանակցել», քան Պուտինի։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինը «պատրաստ է գործարք կնքել», մինչդեռ Զելենսկին, նրա կարծիքով, փոխզիջման գնալու հարցում բավարար պատրաստակամություն չի ցուցաբերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







