ԱՄՆ հետախուզական ծառայությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանը, իբր, սկսել է Հորմուզի նեղուցի ականապատումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսին:
«ԱՄՆ հետախուզությունն սկսել է հայտնաբերել նշաններ, որ Իրանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցի նավագնացության ուղիներն ականապատելու համար։ Իրանն օգտագործում է փոքր նավեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել երկու-երեք ական։ Չնայած Իրանի ականների պաշարները հանրությանը հայտնի չեն, տարիների ընթացքում գնահատականները տատանվել են մոտավորապես 2000-ից մինչև 6000 ծովային ականների միջև»,- գրել է նա X-ում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը մտադիր է Պարսից ծոցում գտնվող առևտրային նավերից անվտանգության վճարներ պահանջել։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր՝ թիրախավորելով Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմաբազաները, փակել Հորմուզի նեղուցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







