Թուրքիայի զինված ուժերը երկրի հարավ-արևելքում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ, տեղակայել են ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգը՝ դաշինքի շրջանակներում իրականացվող օդային պաշտպանության ուժեղացման միջոցառումների շրջանակում, ինչը պայմանավորված է Իրանից հրթիռային սպառնալիքներով: Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է X-ում:
Համակարգը տեղակայվում է Մալաթիա նահանգում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի Քյուրեջիկ ռադարային բազան, որի միջոցով վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել էր Թուրքիայի ուղղությամբ շարժվող երկու իրանական բալիստիկ հրթիռ:
«Տարածաշրջանում վերջին զարգացումների կապակցությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ մեր սահմանների և օդային տարածքի պաշտպանության համար, ընթանում են խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի տարածքում խոցվել է Իրանից արձակված երկու բալիստիկ հրթիռ, հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել և խորհրդակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի հետ:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել էր Թուրքիայի օդային տարածք մարտի 9-ին, խոցվել ՆԱՏՕ-ի պաշտպանության միջոցների կողմից։ Անկարան մարտի 4-ին կրկին մեղադրել էր Իրանին Թուրքիայի տարածք հրթիռ արձակելու մեջ: Իրանը հերքել էր իր կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակման մասին պնդումները։





































