ԱՄՆ-ն Ժնևում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ և այսօր նախատեսում է հանդիպում նաև չինական պատվիրակության հետ՝ հնարավոր բազմակողմ միջուկային սպառազինությունների վերահսկման պայմանագրի շուրջ բանակցությունների համար, Reuters-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։
ԱՄՆ-ն կոչ է անում նոր, ավելի լայն սպառազինությունների վերահսկման պայմանագիր, որը կներառի Չինաստանը, ինչպես նաև Ռուսաստանն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հրթիռների ու մարտագլխիկների տեղակայումը սահմանափակող New START համաձայնագրի ժամկետը լրացել է։
Չինաստանի զինաթափման հարցերով դեսպան Շեն Ցզյանն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ իր երկիրն այս փուլում չի մասնակցի Մոսկվայի և Վաշինգտոնի հետ միջուկային սպառազինությունների վերահսկման նոր բանակցություններին։
Փետրվարի սկզբին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Չինաստանը 2020 թվականի հունիսին գաղտնի միջուկային փորձարկում էր իրականացրել, ինչը Շենը կտրականապես հերքել է։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ արդեն անցկացվել են արդյունավետ երկկողմ բանակցություններ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ, որոնք նույնպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներ են։
«Քննարկումներն Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների մակարդակ տեղափոխելը հաջորդ տրամաբանական քայլն էր»,- նշել է նա՝ հավելելով, որ լավատես են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի երկարաձգի Ռուսաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը (New START, СНВ-III, SNV-III), որի ժամկետը լրացել է հենց այդ օրը:



































